Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

«Առողջության» հասարակություն

Մեզանում հոգեբանի եւ հոգեբույժի մասնագիտությունները երբեմն նույնացվում են։ Պատճառները շատ են՝ անտեղյակություն, չիմացություն, վախեր։ Բայց կա մարդկանց մի խումբ, որն իսկապես չի կարող տարբերակել այս մասնագիտությունները։

 

Խոսքը Հայաստանի մտավոր եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող քաղաքացիների մասին է։ Նրանք չեն կարող հաղթահարել վերոհիշյալ շեմերը եւ չեն գիտակցում իրենց կարիքները։ Մտավոր սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց անհրաժեշտ են հատուկ մանկավարժներ, թերապեւտներ, հոգեբաններ, մասնագիտական խնամք ու հոգածություն։

 

Հայաստանում կան մոտ 150 մտավոր եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող երիտասարդներ, ովքեր ծնողազուրկ են եւ մինչեւ չափահաս դառնալը գտնվում են պետական հոգածության ներքո, հատուկ մանկատներում։ Նրանցից շատերը մինչեւ հիմա էլ բնակվում են Խարբերդի՝ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումով, բնածին եւ ձեռքբերովի, մտավոր եւ ֆիզիկական արատներ ունեցող երեխաների համար մասնագիտացված մանկատանը, որովհետեւ գնալու տեղ չունեն։

 

Մեծացել են հատուկ դպրոցներում, գիշերօթիկներում։ Երբեմն՝ մանկատնից մանկատուն տեղափոխվելով։ Միակ վայրը, ուր նրանք կարող են տեղափոխվել չափահաս տարիքում՝ Վարդենիսի հոգեբուժական տուն—ինտերնատն է։ Կամ՝ փողոցը։ Պետության սոցիալական ռազմավարության տեսանկյունից մտավոր եւ ֆիզիկական խնդիրներ եւ հոգեբանական խանգարում ունեցող քաղաքացիները պատկանում են նույն թիրախային խմբին։ Կլինիկական առումով, սակայն, այս խմբերը բացարձակ տարբեր մասնագիտական խնամքի կարիք ունեն։ «Հնարավոր է, որ մտավոր խնդիրներ ունեցող անձը (հատկապես հասունության շրջանում) հասնի դեպրեսիվ վիճակների, նեւրոզի եւ արդեն ունենա հոգեբույժի կարիք։ Բայց եթե նա ժամանակին ապահովված է եղել թերապեւտիկ, մասնագիտական օգնությամբ, այդ ռիսկը նվազ է»,–ասում է արտ թերապեւտ Դիանա Գալստյանը։

 

Ինչպես հոգեբանի եւ հոգեբույժի, այնպես էլ հոգեկան խանգարում եւ մտավոր եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց իրարից չտարբերելը հասարակական աղետ է, որը բնորոշում է «առողջության» հասարակությունը։ Նման հասարակության մեջ իրականության փոխարեն գործում է «առողջության» պատրանքը, մարդիկ առաջնորդվում են «առողջ—հիվանդ» դիալեկտիկական ու սահմանափակ բաժանումով։ Առկա է խիստ ռիսկային իրավիճակ, որտեղ գիտակցության, մտավոր եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող քաղաքացին հեշտորեն կարող է հայտնվել հոգեբուժական հաստատությունում։ Առօրյա խոսակցական լեզվում «աննորմալն» ու «գիժ»—ը հավասարազոր են, դրանք նշանակում են մի բան՝ «հիվանդ է»։

 

Այդպիսին է հարեւանների, անցորդների վերաբերմունքը նաեւ այն մարդու հանդեպ, ում ընտանիքը չի հրաժարվել իր յուրահատուկ զավակից։ «Վարքի խանգարում ունեցող անձինք գտվում են սահմանային գոտում։ Կարող են դրսեւորել ոչ սոցիալական վարք, ինչը չի նշանակում, թե հոգեբուժական խնդիրներ ունեն»,–ասում է արտ թերապեւտ Դ. Գալստյանը։ Սիլիկյան թաղամասում (3—րդ գյուղ) Հայաստանի միակ տունն է, որտեղ, բնակչությունից չառանձնացած, ապրում են 12 մտավոր եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող երիտասարդներ։ Տեղափոխվել են Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրից, Փարաքարի մանկատնից։ Տան հիմնադիրն է «Խաղաղության կորպուս» միջազգային կազմակերպության նախկին կամավոր Նաթալի Ռիզզիեռին, ով երկու տարի աշխատել է Կապանի կրթահամալիրում։ Բարեկամական միջավայր է ստեղծված, անհատական խնամք ու վերաբերմունք բոլորի հանդեպ, փոքրիկ հողամաս, ձեռքի աշխատանքներ, հարդարուն սենյակներ։ «Ջերմիկ անկյուն» խմբային տունը (2005—ից) աջակցում է պետությանը՝ մտավոր եւ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող չափահաս անձանց սոցիալական ինտեգրման գործում։ Մորը կորցնելուց հետո Աննա Զարգարյանը հայտնվել է հատուկ մանկատանը։ Տեղափոխվել է մանկատնից մանկատուն։ Ախտորոշումը՝ «վարքի խանգարում»։

 

Վարդենիսի հոգեբուժական տուն—ինտերնատում է անցկացրել երկու տարի։ Այժմ «Ջերմիկ անկյան» բնակիչ է։ «Չնչին մտավոր խանգարում ունի, նրա տեղը հոգեբուժարանում չէ։ Նա հոգեբանի, ոչ թե հոգեբույժի կարիք ունի։ Թե ինչ են արել իր հետ այնտեղ՝ տեղյակ չենք։ Երբ եկավ, խոսել չէր կարողանում, ագրեսիվ էր։ Հիմա արդեն լեզուն հասկանալի է, սկսել է աշխատել, ավելի կառավարելի է դարձել, աստիճանաբար նվազում են խնդիրները անձնակազմի ու երեխաների հետ։ Ամենամեծ խնդիրը, որ նրանք ունեն՝ դաստիարակությունն է»,—ասում է հիմնադրամի ղեկավարներից՝ Օլգա Դաբաղյանը։ Այս երիտասարդների համար չկան համալիր սոցիալական ծառայություններ։ 2010—ի փետրվարից Խարբերդի մանկատանը կից պետք է շահագործման հանձնվեր մտավոր եւ ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող 30—40 երիտասարդի համար նախատեսված շենքը, սակայն ֆինանսական խնդիրները խանգարեցին։ Առայժմ չեն կատարվել համապատասխան փոփոխություններ մանկատան կանոնադրության մեջ։ Մանկատանը բնակվում է մոտ 100 երիտասարդ, ովքեր գնալու տեղ չունեն։ «Նման երիտասարդների համար չկան սոցիալական հաստատություններ, առանձին տներ, անձնական եւ աշխատանքային կյանքը դասավորելու պայմաններ։ Հնարավոր է, որ այս խնդիրները տեղ գտնեն հաշմանդամության սոցիալական ներառման նոր օրենքում,–ասում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարեցների եւ հաշմանդամների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գեւորգյանը։–Հայաստանը բավականին հետ է սոցիալական ներառման (ինտեգրման) եվրոպական մոդելից, բայց նպատակ ենք դրել հասնել դրան»։

 

Նշենք, որ հարանման խնդիրներով զբաղվող «Փրկություն» հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոնը ստանում է պետական աջակցություն։ Զարգացած երկրներում տարածված են խմբային տները, որտեղ մտավոր եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդիկ բնակվում են իբրեւ իրավաբանորեն գրանցում ստացած քաղաքացիներ։ Տներից յուրաքանչյուրն ունի 12 բնակիչ, նրանց հետեւում են խնամողները, հոգեբանը, տարբեր հմտություններ զարգացնող մասնագետներ։ Հայաստանի այս քաղաքացիներին «տնավորելու» համար, փաստորեն, անհրաժեշտ կլինի 10—15 առանձնատուն։

Հեղինակ. Կարին ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ